Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը Կովսականում (Զանգելան) անցկացված տնտեսական համագործակցության ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով արձանագրություն են ստորագրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման առանցքային համաձայնություններից է երկու երկրների միջև էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի (e-CMR) ներդրումը, որն ուղղված է ավտոմոբիլային փոխադրումների թվայնացմանը, բեռնափոխադրումների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացմանը։
Ռուսական ТАСС գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ սա կողմերի միակ հանդիպումը չի լինելու։ Օվերչուկը հայտարարել է, որ Մուստաֆաևի հետ հաջորդ շփումները պլանավորված են միջազգային խոշոր տնտեսական հարթակներում։
«Մենք արդեն պլանավորել ենք հանդիպումներ թե՛ Կազանի ֆորումի՝ «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, թե՛ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի րջանակում, որը կկայանա երկու ամսից»,- նշել է Օվերչուկը միջկառավարական հանձնաժողովի համանախագահների ելույթի ժամանակ։
Ռուսաստանի փոխվարչապետը հավելել է, որ նմանատիպ պարբերական շփումները չափազանց կարևոր են, քանի որ դրանք ուղղակիորեն նպաստում են երկկողմ գործակցության զարգացմանը և թույլ են տալիս օպերատիվ կերպով լուծել տնտեսական օրակարգի հարցերը։
Ադրբեջանական կողմի հետ տնտեսական շփումներն իրականացվում են հայկական կողմին ուղղված ռուսական պաշտոնական մակարդակով մի շարք հայտարարություններին ֆոնին։ Օվերչուկն ապրիլի 5-ին նախազգուշացրել էր, որ Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խաթարմանը։ ՌԴ փոխվարչապետի դիտարկմամբ՝ չնայած հարաբերությունների սերտացմանը միտված հայտարարություններին, անհասկանալի է մնում, թե տնտեսական առումով ի՞նչ կշահի Հայաստանը նման տրանսֆորմացիայի արդյունքում։






































