ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ իրավապահները սահմանափակել են երկրորդ նախագահի տեղաշարժի իրավունքը։
Քոչարյանի՝ երկրից մեկնելու արգելքի մասին, սակայն, ուժային կառույցներն ու պաշտոնական աղբյուրները որևէ մեկնաբանություն չեն արել։
Գրասենյակի ղեկավարը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ չնայած նախօրոք տարածված հայտարարությանը, որ Քոչարյանն անձնական հարցերով երեք օրով մեկնում է երկրից, նրա ելքն ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է։
Միկոյանը շեշտել է, որ իշխանական լրատվամիջոցներն այդ մասին տեղյակ էին գուցե սահմանապահներից էլ շուտ։
«Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։ Եթե որևէ մեկի մտքով անգամ կարող է անցնել, որ Քոչարյանը կարող է փախչել երկրից, չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ»,- հայտարարել է նա։
Նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողներին ասել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում անձնական նպատակներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտարարել է, որ «եռագլուխ մաֆիան երազելու է Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չի ունենալու այդ հնարավորությունը»։



































