Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 26-27-ը կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը, որը կմիավորի օտարերկրյա քաղաքական գործիչների, ինչպես նաև գիտական ոլորտի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։
Քննարկումները տեղի կունենան «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Մասնակիցների թվում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ռուպա Հուկը և այլ քաղաքական գործիչներ։
Համաժողովում կքննարկվեն խաղաղության և անվտանգության հարցեր, համաշխարհային աշխարհաքաղաքական միտումներ, Եվրամիությունում և նրա հարևան երկրներում տիրող իրավիճակը, կանաչ զարգացումը, առևտուրը և տրանսպորտը, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում քաղաքականությունը։