«Քաղաքացիական պայմանագիրն» Ալավերդիում մանդատներից «զրկել է» «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու 9 ներկայացուցչի, գրել է «Հրապարակ»՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ ՔՊ-ում կարծում են, որ նախկինում նիստերը բոյկոտած ընդդիմադիրները կարող են փոխել իրենց որոշումը և սկսել մասնակցել գործընթացներին:
Լիազորություններից զրկվել են նաև Ալավերդի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանը, ում մեկ տարի առաջ հեռացրել էին համայնքի ղեկավարի պաշտոնից:
Բացի այդ, «Ապրելու երկրի» ցուցակի 40 ներկայացուցիչ բացարկի դիմումներ է ներկայացրել։
Թամազյանը մարտի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա նիստ՝ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով։
Նա նշել էր, որ խմբակցության ներկայացուցիչներն ավագանու նիստերին չեն մասնակցել, քանի որ համոզված են՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքի ղեկավարումը բռնազավթվել էր ապօրինաբար` ոստիկանական տարբեր ուժերի միջամտությամբ, և խմբակցությունը շարունակում է արդարության վերականգնման գործընթացները տարբեր դատական ատյաններում։