ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մանրամասներ հայտնել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում ունեցած բանակցությունների բովանդակությունից՝ նշելով, որ պայմանավորվածությունների էությունը կհանրայնացվի միայն դրանց կյանքի կոչվելուց հետո։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, որի հեռարձակումն իրականցրել է Armenia Today-ի Youtube-յան ալիքը։
Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առկա տնտեսական խնդիրներն ու արտահանման ոլորտում ստեղծված իրավիճակը։ Փաշինյանն ընդգծել է, որ քննարկումները կառուցողական էին, սակայն արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է։
«Մինչև պայմանավորվածությունների իրականացումը՝ չեմ բացի, թե կոնկրետ ինչի մասին ենք խոսել ու ինչ որոշումներ են կայացվել»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ արդյունքներն ինքնին տեսանելի կլինեն համապատասխան գործընթացների մեկնարկից հետո։
Մոսկվայի և Երևանի միջև առկա տարաձայնությունների ֆոնին Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում Միշուստինի հետ հանդիպմանը հաստատել էր Երևանի շահագրգռվածությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հետագա մասնակցության հարցում։
ԶԼՄ-ները հուլիսի 9-ին գրել էին, որ Փաշինյանի այցից հետո դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման խնդրում խոստացված բեկումը տեղի չի ունեցել։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։




































