Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:09

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազզմի մամուլի ծառայությունից։

Վարչապետը ողջունել է պարոն Օվերչուկի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ընթացիկ օրակարգը: «Ցանկանում եմ նշել, որ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի աշխատանքը: Հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հանգել կոնկրետ լուծումների:

Ցանկանում եմ այս կապակցությամբ ասել հետևյալը. Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա:

Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ ու ապաշրջափակմամբ: Բազմիցս եմ հրապարակային հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:

Մեր փաստաթղթերում խոսվում է տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումն այսպիսին է, ի՞նչ ենք մենք առաջարկում. երկաթուղային կապերը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, պետք է վերականգնվեն և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապող, դրանք նույնպես պետք է վերականգնվեն:

Մենք պատրաստ ենք գնալ այսպիսի լուծումների: Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, և շատ կարևոր է ընդգծել, որ համաձայն հունվարի 11-ի հայտարարության, և մենք այդ մասին բազմիցս ենք խոսել, պետք է նաև բանակցենք մաքսային հսկողության, ֆիտոսանիտարական հսկողության, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ: Դա այն է, ինչ ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի մեր հայտարարություններում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է, պատրաստ է, և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցերով կհաջողվի գալ կոնկրետ լուծումների: Մենք տրամադրված ենք կառուցողական»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությանը բարձր գնահատական տալու համար:

«Մենք իսկապես աշխատում ենք այն մանդատով, որը Դուք մեր երկրների ղեկավարների հետ տրամադրել եք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակում: Ցանկանում եմ նշել, որ գործընկերների, փոխվարչապետերի հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Անցկացրել ենք 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:

Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Նաև Դուք հիշատակեցիք, և դա նույնպես հայտարարությունների մեջ է, այն մասին, որպեսզի բոլոր տեսակի հսկողություններն իրականացվեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբոլիային ենթակառուցվածքների ապաշարջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել և մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,- նշել է Ալեքսեյ Օվերչուկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+