Հայաստանն արգելափակել է ռուս բլոգեր, դիզայներ Արտեմի Լեբեդևի մուտքը երկիր, հայտնում է Ateo Breaking տելեգրամյան ալիքը:
Լեբեդևը քննադատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հայ արտադրողներն իրավունք չունեն օգտագործել «կոնյակ» անվանումը։ Փաշինյանի խոսքով՝ «կոնյակ» անվանումը պաշտպանված է և վերաբերում է միայն ֆրանսիական համանուն շրջանում արտադրվող խմիչքին։ Լեբեդևը հայտարարել էր, որ Փաշինյանը «շատ էժան վաճառել է իր կարծիքը» և փաստացի հրաժարվել ապրանքանիշից, որն «արտադրվել է Հայաստանում»։
Դիզայներն ընդգծել է, որ «Հայկական կոնյակն այնպիսի ապրանքանիշ է, որ ֆրանսիացիները պետք է թույլտվություն ստանան հայերից»։ Նա նաև քննադատել է ՀՀ վարչապետին՝ «մի քանի միլիոն եվրոյի դիմաց» խմիչքի ավանդական անվանումից հրաժարվելու համաձայնության համար։
ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Լեբեդևին՝ նրան անվանելով «քարոզիչ» և «մեդիագաճաճ»։ X-ում հրապարակված գրառման մեջ Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանն անսպասելիորեն «մտահոգություն է հայտնել հայկական կոնյակի ճակատագրի վերաբերյալ», չնայած հարցը վաղուց կարգավորվել է միջազգային նորմերով։
Նա հիշեցրել է, որ «կոնյակ» անվանումը վաղուց լիցենզավորված է, և այս անվան տակ ապրանքը Հայաստանից դուրս վաճառելը պարզապես անհնար է։ Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի գլխավոր կոնյակի գործարանը փոխանցվել է ֆրանսիական Pernod Ricard ընկերությանը դեռևս Փաշինյանի իշխանության գալուց շատ առաջ։
Ազգային ժողովի նախագահը նաև նշել է, որ հայկական արտադրանքը չի կարող արտադրվել «միայն ներքին շուկայի համար» սկզբունքով, ինչպես ռուսական որոշ ապրանքանիշերի դեպքում։ Նրա խոսքով՝ Լեբեդևը «ոչ հայկական քիթը խոթում է» Հայաստանի գործերի մեջ։ Խոսնակը նաև խորհուրդ է տվել դիզայներին հաջորդ անգամ երկիր այցելելիս այցելել Երևանի կոնյակի գործարան։
Հայ արտադրողները շարունակում են օգտագործել անվանման երկու տարբերակ՝ «Հայկական կոնյակ» և «Արմենիան բրենդի»։ Դեռևս 2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանը և եվրոպացի գործընկերները համաձայնության են եկել «Հայկական կոնյակ» անվանումը փոխարինել «Արմենիան բրենդի» ապրանքանիշով և աշխարհագրական անվանումով։ Եվրամիությունը պարտավորվել էր նոր անվանմանն անցնելու համար հատկացնել 2,9 մլն եվրո։




































