«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դժգոհ են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում վաղուց են դժգոհում Վարդապետյանի պահվածքից՝ ընդգծելով, որ նա իշխանության ներկայացուցիչների հետ շփումները նվազեցրել է՝ պահպանելով բացառապես ուղիղ կապ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Դատախազի կեցվածքը՝ պահպանելու ինստիտուցիոնալ հեռավորություն քաղաքական դաշտից, մերժելի է թիմում, և այդ ներքին հակասությունը՝ համակարգային ու անձնական ընկալումների խաչմերուկում, ավելի է խորանում»,- գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ խոսակցություններն ավելի են ակտիվանում, երբ Վարդապետյանն ամեն անգամ գալիս է ԱԺ ու խուսափում է ՔՊ ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական շփումներից։
Օգոստոսին լրատվամիջոցները տեղեկացել էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների ծրագրերի մասին՝ չմիանալ ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ ընդդիմության կողմից անվստահության հարցի քննարկմանը՝ չնայած նրա նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է Վարդապետյանի պաշտոնանկության հարցը ներկայացնել խորհրդարանի աշնանային նստաշրջանում:






































