«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Գյումրիում փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորումը որակել է ապօրինի և ընդգծել, որ նա ընդամենը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։
Կարապետյանը հիշեցրել է, որ բողոքի ակցիայի ժամանակ Մխիթարյանը, ձեռքերը վեր բարձրացնելով, փորձել էր կանխել ցուցարարների և ոստիկանության միջև բախումները։
«Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել, որ Ռուբենը «Մեր ձևով» շարժման անդամ է, և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր մեծ թիմը»,- նշել է Կարապետյանը։
Նա կոչ է արել ուշադրություն դարձնել ապօրինի ձերբակալված քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակին, «ում մեջքին չկան մեծ թիմեր»։
«Շուտով բոլորս միասին մի մեծ թիմ ենք դառնալու, և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»,- եզրափակել է նա։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։
Քննչական կոմիտեն նաև իշխանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված ձայնագրությունների ֆոնին քրեական վարույթ էր նախաձեռնել «Մեր ձևով» շարժման հոկտեմբերի 20-ի հանրահավաքին «մասնակցելու համար նյութապես շահագրգռելու» հոդվածով։ Հոկտեմբերի 21-ին, անդրադառնալով վերոնշյալ ձայնագրություններին, «Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից պահանջել էր հերքել տարածած զրպարտությունը։ Շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը նշել էր, որ շարժումը որևէ կապ չունի այդ ձայնագրությունների հետ և հայտարարել, որ եթե չհերքեն՝ պահանջելու են պարզել, թե ովքե՞ր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝





































