«Մեր ձևով» շարժումը պահանջում է իշխանական համարվող լրատվամիջոցներից հերքել տարածած զրպարտությունը, հայտարարել է շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Խոսքը «Հայկական ժամանակ»-ում և Civic.am-ում հրապարակված ձայնագրությունների մասին է, որում պնդում են, թե իբր հոկտեմբերի 18-ի հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են՝ մասնակցելու միջոցառմանը։
«Եթե իշխանական խոսափողներ «Հայկական ժամանակ»-ը և civic.am-ը 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումն իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում»,- գրել է նա։
Ղահրամյանը հավելել է, որ նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան։
Շարժումը հոկտեմբերի 20-ին հերքել էր կապն այդ ձայնագրության հետ՝ անվանելով վատ բեմադրողի կողմից բեմադրված: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել էր այս հաղորդումները՝ դրանք կապելով հոկտեմբերի 18-ին «Ազատության» հրապարակում հավաքված մարդկանց քանակի հետ, ովքեր աջակցություն էին հայտնում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։ Նրա խոսքով՝ իշխանություններն օգտագործել են իրենց սովորական ոճը և փորձել են «բեմադրել ձայնագրության օպերացիան»։





























