Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական կուսակցության» համագումարում իրեն և հորը՝ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարություններին։
Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ իրենց խմբակցությունում մի պատգամավոր կար, «ուզում էր իրեն մտցնեն հավաքականի կազմ, վեց ամիս հետևից ընկած էին ինքն ու հայրը»։
Ջուլֆալակյանը Փաշինյանի խոսքերը «զառանցանք» է անվանել, իսկ նրան՝ «պաթոլոգիկ սուտասան»։ Նա շեշտել է, որ 2018թ․ ընտրություններին Փաշինյանն ու իր ուսապարկերն էին իր «հետևից ընկած», որ իրենց օգներ «փրկել հայրենիքը»:
«Երբ 2020թ․ ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր ԿԳՄՍ նախարար հանդիսացող ուսապարկն ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում, կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը»,- գրել է Ջուլֆալակյանը։
Նա ընդգծել է, որ Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ինքը ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունի։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ:
Ջուլֆալակյանը նաև պատմել է, որ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրել են Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, պատասխանել է, որ եթե վերադառնա, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված է լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին: Իսկ ինքը դավաճանների ձեռքը չի սեղմում:





































