ՀՀ իշխանությունների մատուցածը ոչ թե խաղաղության, այլ մեր կրած պարտության ամրագրման գործընթաց է, Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միասնության հավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Մեծագույն խաբեություն է՝ պարտության ամրագրման այս գործընթացի մի փուլում ձեռք բերված զինադադարը որպես վերջնական խաղաղություն մատուցելը, ավելին՝ կործանարար է լինելու լիարժեք չերաշխավորված զինադադարի դիմաց մեր սեփական շահերից և իրավունքներից հրաժարվելը»,- ասել է Ռուստամյանը։
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ նա նշել է, որ այնտեղ տեղի ունեցածը որպես դարակազմիկ և պատմական խաղաղության տոն նշողները փորձում են ապացուցել, թե խաղաղության սպասումը նույնն է, ինչ կայուն խաղաղությունը։
«Այո, Վաշինգտոնում հանդիպման մասնակից երեք անձն էլ իրենց ուզածն ստացան․ Թրամփը դարձավ խաղաղության «Նոբելյան մրցանակի» իրական հավակնորդ, Ալիևն ստացավ իր բավարարված պահանջների հերթական չափաքանակը, Փաշինյանն ստացավ խաղաղության թղթի վրա կամ ավելի ճիշտ՝ թղթե խաղաղություն, որն ընտրություններից առաջ իրեն օդ ու ջրի պես պետք է։ Եվ այս ամենի համար գին պետք է վճարի մեկը, որն իրականում սեղանի շուրջ ներկա չէր․ այդ բացական հայ ժողովուրդն էր»,- շեշտել է Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































