Եթե Ադրբեջանը տրամադրված չէ Արցախյան հարցի լուծման, ապա այդ հարցը չի լուծվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, ըստ որի՝ Ադրբեջանը չի ուզում լուծում։
«Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, ինչքան ասել է մեր կառավարությունը: Կիլոմետրերով բազմիցս դիրքորոշում ենք հայտնել: Եվ եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը կրկնեց, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ եթե լուծումը հեշտ լիներ, ապա այն արդեն լուծված կլիներ։
«Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ: Եվ մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիատական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող մեզ ոչ ոք չասի՝ այդ ի՞նչ եք բանակցում: Ինչ պետք է, այդ էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել միայն ՀՀ ժողովորդը, քանի որ մեզ տվել է վստահության քվե, որ գնանք բանակցենք: Ասում եմ՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք: Եվ երբ մենք կհամարենք, որ բանակցության արդյունքում ունենք մի բանաձև, որը կարող ենք ներկայացնել անվտանգության խորհրդին, Ազգային ժողովին, ժողովրդին ու հանրությանը, կգանք ու կներկայացնենք: Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչ մի բան որոշված չէ: Հետևաբար, եկեք դադարեցնենք այս հարցը՝ ինչ եք բանակցում: Ինչքան լիազորություն ունենք, բանակցում ենք: Եվ բանակցության գնալիս չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է, որ նա տրամադրված է և ուզում է հարցը լուծվի:
«Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցի լուծում։ Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ», – ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







