Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի հետ կապված դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ իմ մոտ տպավորություն է, որ դրա կարևորությունն ավելի շատ դետալների մեջ է, լրագրողներին հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Կարդում ենք «անխոչընդոտ հաղորդակցություն», ինչո՞ւմ է այն կայանում, կամ ի՞նչ է նշանակում ««փոխադարձ առավելությունը»։ Գործընթացներ են պետք, որ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Փարսյանը։
Նրա խոսքով՝ նախաստորագրված փաստաթղթի դրականն այն է, որ թվում է, թե նվազեցվել է էսկալացիայի վտանգը։ «Սպասենք, տեսնենք՝ ոնց կլինի։ Դրական կողմերի վերաբերյալ լսում ենք իշխանություններից և պետք է սպասենք, տեսնենք գործնակաում այդ ամենը իրականանում է, թե՝ ոչ»,- ասել է նա։
Փարսյանը նշել է, որ քաղաքի խնդիրները ժամանակ առ ժամանակ որոշակի դիվերսիֆիկացիայի են ենթարկվել։ Սկզբում հիմնական խնդիրն անվտանգությունն էր, ժամանակի ընթացքում խնդիր դարձավ ընդհանուր անորոշությունը, մարդկանց մոտ ապագայի հետ կապված պատկերացում չկար։
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ քաղաքապետը նշել է, որ վերջին կրակոցներն արձանագրվել են մոտ երկու ամիս առաջ Ներքին Հանդում, երբ կրակոցներից վնասվել էր բնակիչներից մեկի տանիքը։ Ըստ նրա՝ այլ հատվածներում որևիցե գործողություն կամ կրակոց չի արձանագրվել։
Փարսյանը նաև հավելել է, որ Կապանի օդանավակայանը գտնվում է անմիջապես սահմանին հարակից հատվածում և ներկա դրությամբ թռիչքների հետ կապված խնդիր չկա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան




































