ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀՀ բնապահպանական վիճակին, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման պատճառներին:
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Էրիկ Գրիգորյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ նա այս ընթացքում նա արել է ամեն ինչ՝ առավելագույն արդյունքների հասնելու համար:
«Աշխատանքն ինքը բարդ երևույթ է, գալիս են հարցեր, փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են այդ որոշումները»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ բնապահպանության ոլորտում էական հաջողություններ ունեցել են նախարարի մասնակցությամբ՝ 2018 թվականից մինչ օրս փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է, լուծվել է փոքր ՀԷԿ-երի ձկնուղիների վերականգնման հարցը, նախորդ տարի 500 հազար ծառ է տնկվել՝ ստեղծվել է ավելի քան հազար աշխատատեղ։
«Ես մի քանի անգամ ասել եմ, մեկ-մեկ մտածում եմ՝ նման հայտարարություններ անելով նաև անարդար եմ գտնվում կառավարության անդամների նկատմամբ: Գո՞հ եմ, թե՞ գոհ չեմ: Եթե ինձ հարցնեք՝ իմ աշխատանքից գո՞հ եմ, կասեմ՝ ոչ, գոհ չեմ, սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրներ լուծելու համար, բայց ուզում եմ՝ անենք ավելին, նույնիսկ ավելին, քան հնարավոր է, քան անհնար է, քանի որ 2018-ին արել ենք անհնարը, 2019-ին էլ ենք արել, բայց 2020-ին պետք է ավելի անհնարն անենք, 2021-ին՝ էլ ավելի անհնարը, և այդպես շարունակ»,- ասաց վարչապետը:
Դիտարկմանը՝ կարելի՞ է ասել, որ այս ոլորտում խնդիրները կատարվել և գերակատարվել են, Փաշինյանն արձագանքեց.
«Ես չէի համաձայնի, որ խնդիրները կատարվել են, գերակատարվել են, ոչ բոլոր խնդիրներն են կատարվել, բայց նաև ոչ բոլոր խնդիրներն են թերակատարվել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







