Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ առաջարկվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նա նշել է, որ Իրանի թշնամիները, մասնավորապես, «Իսրայելը և Միացյալ Նահանգները», վաղուց անհանգստացած են Իրանի պատմական միասնությամբ և տարածաշրջանում խորը մշակութային կապերով։
«Այս գործողները ձգտում են թուլացնել իրանական ինքնության հիմքերը՝ որպես երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու միջոց»,- ասել է նա և հավելել, որ «Զանգեզուրի միջանցքի նման» ծրագրերը ծառայում են որպես ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։
Նա զգուշացրել է, որ այդ ծրագրի հիմնական նպատակն է խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում պարտադրել Իրանին և Ռուսաստանին տարածաշրջանի հարավում։ Վելայաթին ընդգծել է, որ Իրանի ազգային անվտանգությունը մնում է «կարմիր գիծ»։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։




































