Գերիների վերադարձն անվերապահ կատարման ենթակա միջազգային պահանջ է և չի կարող կախվածության մեջ դրվել քաղաքական հարցերից։ Կան նրանց իրավունքների պաշտպանության կոնկրետ չափանիշներ: Պետք է ամեն ինչ անել քաղաքականացումը և իրավական գործընթացների չարաշահումը բացառելու համար, ինչին ակնհայտորեն գնում են ադրբեջանական իշխանությունները։ Այս մասին ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հարցին՝ ինչ եք ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկից, Թաթոյանն ասել է․
«Կարևորագույն հարցերի թվում է՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը քաղաքականացնի այդ հարցը և արհեստական ձգձգի նրանց վերադարձը»։
Նրա խոսքերով՝ գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Ադրբեջանն իրական թիվ չի հրապարակում։
«Շիրակի 62+2 տղերքը, որ կան, նրանք ասում են, որ գերիները մի քանի տասնյակ են իրենց պաշտոնական փաստաթղթերով։ Նրանք անընդհատ մոլորեցնում են»,- ասել է Թաթոյանը։
Ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը շուտափույթ լուծելու համար Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավոր միջազգային հարթակները՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, ԿԽՄԿ-ն, միջազգային դատական ատյանները և այլն։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







