Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է չորեքշաբթի Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Սիմոնյանը հայտնել է, որ քայլում էր տուն, երբ ընդառաջ քայլելիս է եղել Արթուր Դանիելյանը, ում բարևելուց հետո իր հասցեին հնչել է սեռական բնույթի հայհոյանք։ Սիմոնյանը հավելել է, որ այնուհետև ինքն ասել է, որ նույն կարծիքն ունի իր մասին ու գլխով հարվածել է Արթուրի քթին: «Նրանք երեքով փորձեցին ինձ քաշքշել ու հարվածելով կանգնեցնել: Ես հիմնականում փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, և այդ պահին ինձ ով է փորձում հարվածել»,- մանրամասնել է նա:
Ալեն Սիմոնյանը իր և Դանիելյանի շփումների վերաբերյալ ներկայացրել է նաև որոշ նախապատմություն. «2016 թվականին նույն երիտասարդը, որը Քաղաքացիական պայմանագիր էր փորձում անդամագրվել, ես այն ժամանակ աշխատում էի «Արարատնյուզ» լրատվականում, մի նյութի հետ կապված բավական կոպիտ ձևով պահանջեց իմ գործունեության հետ կապված, որ ես հեռացնեմ որևիցե նյութ: Ես իրեն ասացի, որ դա իր գործը չէ, որովհետև նախևառաջ ինքը որևիցե կապ չի կարող ունենալ այդ կայքի հետ, թեև նա այդ ժամանակ հանդիսանում էր Սարիբեկ Սուքիասյանի փեսան: Եվ ես ասացի, որ նույնիսկ ինձ հետ աշխատող Սուքիասյանները նման կերպով ինձ պահանջներ չեն ներկայացնում և նման կերպ ինձ հետ չեն խոսում: Որին հետևեց այն բանը, որ ես իջնեմ ներքև, ես իջա նույն վայրը, և նա եկել էր ինձ վրա հարձակվելու ու ինձ ծեծելու: Ծեծելու փորձը չստացվեց, որովհետև նախևառաջ գալիս էր ընդառաջ, և ես տեսնում էի նրա աչքերի մեջ, որ մարդը եկել ինձ հարվածի»: Այս ամենին, ըստ Ալեն Սիմոնյանի՝ հետևել է հայհոյանքներ և հարվածներ: Սակայն, իր խոսքերով` այդ ժամանակ Արթուր Դանիելյանին չի հաջողվել իրեն ծեծի ենթարկել։
Սիմոնյանը հավելել է, որ իր արարքի համար պատրաստ է պատասխան տալ. «Ես գնահատում եմ ինքնապաշտպանություն, եթե քեզ վրա նույն մարդը գիշերով քեզ տնից դուրս կանչելով հարձակում է գործում: Հետո նույն վայրում երեքով քո բարևին ի պատասխան քեզ ամենավերջին հայհոյանքն է տալիս, ես կարող եմ մտածել, որ այդ խոսակցությունը կարող է ավարտվել նույն բանով, որը եղել է նախկինում: Եվ բնական է` ես իրավունք ունեմ ինքնապաշտպանվելու»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







