Պետական բյուջեի եկամուտների փաստացի կատարողականը առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ՝ նախատեսված 340 մլրդ դրամի համեմատ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսից ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Պետական բյուջեի փաստացի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 299.5 մլրդ-ի համեմատ: Այսինքն՝ 49.5 մլրդով ավելի ենք կատարել: Սակայն այս տարվա առաջին եռամսյակի համար ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 340 մլրդ, հետևաբար շուրջ 9.5 միլիարդով գերակատարել ենք հաստատված ծրագրային ցուցանիշը»,-ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը միաժամանակ նշեց, որ ավելի լավ է սևեռվել ապագա անելիքների վրա՝ միաժամանակ հիշեցնելով, որ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխության օրինագիծ է քննարկել, որը կքննարկվի նաև ԱԺ-ում:
«Նախատեսելու ենք պետական բյուջեի հարկային եկամուտների նվազում: Առաջին եռամսյակը շատ լավ ազդակ է, սակայն ապագան ձևավորելու և ապագա հարկային եկամուտների հավաքագրման առումով դեռևս անորոշությունները մնում են բազմաթիվ»,-ասաց Դավիթ Անանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







