Այս պահին Հանրապետության բանկերում կա 11 150 ուսանողական վարկ և հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահը հայտնեց, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան 0 տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոս:
80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է և դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլևս պետք չեն:
«Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք փաստորեն հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,-ասաց Ջավադյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հստակեցրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում։
«Այսինքն 80-ից բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որևէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»,- ասաց Փաշինյանը։
Արթուր Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, ամեն տարի ստանալու է մեկ նվագ.
«Նաև ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո ևս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»,- ասաց ԿԲ նախագահը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







