Ամբողջ աշխարհում նավթի գինը պատմական հակառեկորդ է սահմանում, գազի գինը գահավիժում է, մինչդեռ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այս օրհասական համավարակի ժամականերում որոշել է չհրաժարվել գազի գինը բարձրացնելու որոշումից; Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Ակնհայտ է, որ բարձրացված գազի գինը շղթայաբար ազդելու է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա և առաջացնելուէ է գնաճ: Ռուսաստանը ճգնաժամային վիճակում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, այլ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար: Դա արվում է չափազանց վատ տոնով: Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ըստ էության խոստովանեց, որ գազի գնի բարձրացումը ՌԴ-ի կողմից պատասխան քայլ է ՀՀ-ում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին»,-ասաց նա:
Բաբաջանյանը հավելեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցը ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որպես մահակ օգտագործելու իրողությունը արդյունք է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի, և ՀՀ ներքին գազաբաշխման համակարգը ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման: Պատգամավորը պնդում է, որ հիմա Հայաստանի իշխանությունները, այդ թվում և խորհրդարանը, պետք է դիտարկեն Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերը վերանայելու հարցը։
«Մենք որպես Ազգային ժողով, ՀՀ իշխանությունն ընդհանուր առմամբ, պետք է մտածենք այդ խայտառակ համաձայնագիրը վերանայելու մասին: Ընդ որում դրան պետք է անդրադառնանք ոչ միայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունենրի, այլև ԵՏՄ-ում մեր անդամակցության համատեքստում:
Մենք շարունակում ենք անդամակցել մի միության, որի գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը, նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ոչ դաշնակցային մոտեցում»,-ընդգծեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







