«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դժգոհ են արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարության աշխատանքից։
ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանն առաջարկում է բոլոր հղիների համար սահմանել նույն աջակցության ծրագրերը։
«Այդ ծրագիրը հղիների մասով, իմ կարծիքով, ինչ-որ կիսահղի ծրագիր է։ Ակնհայտ անհամաչափություն կա, օրինակ, հղի ուսուցչուհի է 27 հազար աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, իր հարևանը, որի ամուսինը պայմանագրային զինծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նրա կինը շահառու է։ Այդքան մեծաթիվ չեն հղիություն ունեցող կանայք, եկեք այս հարցում ևս տարբերակված մոտեցում չցուցաբերենք», — ԱԺ ամբիոնից կառավարությանը կոչ արեց Զոհրաբյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ չնայած տեքստիլ ձեռնարկություններին աշխատանքի թույլտվություն տալու պարետի որոշմանը, Վանաձորի «Գլորիա» տեքստիլ ընկերության այն աշխատակիցները, ովքեր փորձել են աշխատանքի անցնել, տուգանվել են: Պատգամավորը նման գործողություններն անընդունելի համարեց և կոչ արեց հետ կանչել այդ մարդկանց նկատմամբ դուրս գրված բոլոր տուգանքները:
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանում կան միլիարդավոր դրամներով հարկ վճարողներ, որոնք փոքր՝ 100 հազար դրամ վճարման ուշացման պատճառով չեն կարողանում դիմել կառավարության հակաճգնաժամային ծրագրերին։
Նա նշեց, որ խոսքը 0 տոկոս տոկոսադրույքով վարկերի մասին է, և այդպիսի ընկերությունները մեկ-երկուսը չեն։ Մարուքյանը կառավարությանը կոչ արեց վերանայել նաև այդ ծրագրերի սահմանափակումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







