ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, օրակարգի թեմայից շեղվելով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած կալանավորների խնդրին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել Վանաձոր ՔԿՀ-ից, առ այն, որ ՔԿՀ-ում այս պահին 14 հոգի հացադուլի մեջ են։ Նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով ահազանգերի մասին, նշեց, որ որպես իրավաբան, հայտարարում է, որ մարդկանց կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման որևէ պատճառով՝ անկախ նրանից՝ ազատության մե՞ջ են, թե՞ ոչ:
«Ես խնդրում եմ արագ արձագանք իրավասու մարմինների կողմից, որպեսզի պարզվեն հացադուլի պատճառները, հանգամանքները և տրվի արագ լուծում, առավել ևս, նրանք են, որ ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են, որոնց ուղեկցել և ուղեկցում է անմեղության կանխավարկածը»:
Իսկ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորների խնդրին:
«Քանի որ մենք ապրում ենք ֆորս-մաժորի մեջ, անընդհատ ահազանգեր կան, այո՛, «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլավորները ավելանալու են, Արմավիրում 12 կալանավորի հարազատները գրավոր դիմել են և դիմում են, հրաժարվում են սննդից, անհասկանալի է՝ ինչո՞ւ են կալանավորներին արգելում հարազատներից ընդունել միրգ և քաղցրավենիք, ապա ինչո՞ւ են թույլ տալիս կողքի «բուդկայից» գնել, այստեղ կա ակնհայտ անհամաչափություն: Ծնողները երկուշաբթի բերում են չոր քաղցրավենիք, կամ միրգ, ասում են՝ մենք միրգ տալիս ենք, բայց երկու-երեք օրը մեկ մի հատ խնձոր են տալիս, էստեղ խնդիր կա, պետք է կարգավորվի»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







