Հայաստանի քաղաքացիների գրեթե 59,6%-ը կարծում է, որ երկրի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Այս մասին են վկայում փետրվարի 27-ից մարտի 6-ը MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցման տվյալները 1100 քաղաքացու շրջանում։ 2024 թվականի հուլիսին այս թիվը կազմել էր 80,3%:
Ըստ հարցման՝ մյուս ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 18,4%-ն (11,7%՝ 2024թ․ հուլիս) ասել է, որ Սահմանադրության որոշ դրույթներ պետք է փոփոխվեն, 7,5%-ը (3,3%՝ 2024թ․ հուլիս) կարծում է, որ պետք է ընդունել բոլորովին նոր Սահմանադրություն, իսկ 14,5%-ը (4,7%՝ 2024թ․ հուլիս) դժվարացել է պատասխանել հարցին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին քննարկումներն սկսվել էին այն ժամանակ, երբ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ընդ որում՝ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։
Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում փետրվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով, որ նախկինում անցկացված բոլոր հանրաքվեներն «առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալ։
Փետրվարի 27-ին Փաշինյանն «Իրական Հայաստանի» մասին քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին 20-30 հոգանոց խմբերով հրավիրել էր կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու նպատակով։