ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը վավերացվեց 108 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։
Արձանագրությամբ ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:
Ըստ Գեղամ Գևորգյանի` արձանագրությունը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







