ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 105 «կողմ» և 3 «դեմ» ձայներով։
Նախագծով առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնելու դեպքում ՀԴՄ-ի կիրառության ժամանակ պարտադիր պահանջ սահմանել՝ ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի անվանումն ու ապրանքային դիրքի արտացոլումը։
Ըստ պատգամավորի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ:
Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը:
Քննարկամն ժամանակ արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ թե ինչ-որ մեկը որևէ հանգստավայրում կամ ճանապարհներին եգիպտացորեն է վաճառում, ապա համատարած պիտի ՀԴՄ տա՞ն, Պապոյանը նշեց, որ պետք է բոլոր դեպքերում շրջանառությունն արձանագրենք, հասկանալի է, որ շատ դեպքերում դա միկրոձեռնարկատիրություն է լինելու, բնականաբար, 24 միլիոնի շեմին չի հասնելու և ուղղակի մարդիկ հարկեր չեն վճարելու, բայց շրջանառությունը պետք է նաև ֆիքսել, որ իմանանք՝ առևտրի ծավալները։
Ըստ նրա՝ եթե ՀԴՄ-ն տեխնիկական պատճառով փչանում է, ապա 24 ժամում, 72 ժամում՝ մարզերում, այն պետք է փոխարինվի։
Պապոյանը համաձայնեց, որ օրենքները բիզնեսների համար պետք է լինեն հեշտ ու հասկանալի։
«Նախագծի այն մասը, որը վերաբերում է օնլայն առևտրին, ապա այդ մասով կարգավորումներ և լրացումներ լինելու են, բայց քանի որ այս պահին դեռ աշխատում ենք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կլինի նաև համապատասխան լրացումները, բոլորս մինչև լիագումար նիտը կարող ենք նայել և քննարկել»,- եզրափակեց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







