Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Լավ հնարավորություն է քննարկելու ինչպես միջխորհրդարանական համագործակցության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության վերաբերելի հարցեր»,- ասել է վարչապետը՝ ողջունելով խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների այցը Հայաստան։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ակտիվ փոխգործակցությունն ու երկխոսության ընդլայնումը, ինչը նպաստում է ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է ԵՄ երկրների աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում և շեշտել կառավարության հավատարմությունը՝ ռեֆորմների հավակնոտ օրակարգն արդյունավետ իրականացման գործում:
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի: Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: