Ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են չեղարկել ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում չեն կարողանալու աշխատել, կանգնալու են փակման շեմին։ Ձկնաբույծները հանդիպել են ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Նրանց խոսքով՝ նոր համակարգով ջրի տակ ստեղծվում է 80 աստիճան, որի պատճառով ձկները սատկելու են: Հարցին, թե այս մասին Սիմիդյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են, պատասխանում են. «Իրենք մասնագետներ չունե՞ն: Մարդը կարո՞ղ է 80 աստիճանի տակ ապրել, եթե այո, ապա ձուկն էլ կապրի»,- ասացին ցուցարարները:

Ձնկաբույծներին ընդունել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության բաժնի պետ Համլետ Նազարյանը: Հանդիպման արդյունքներից նրանք դժգոհ են մնացել, քանի որ քննարկում որպես այդպիսին չի եղել: Ոչ մի կոմպրոմիսի չեն գնացել, միայն իրազեկել են, բողոքել են ձկնաբույծները:

Նրանց խոսքով՝ իրենց խոստացել են տեղյակ պահել նոր հանդիպման ժամկետների մասին, քանի որ այսօր հնարավոր չէր քննարկում կազմակերպել: Ձկնաբույծները նշել են, որ իրենց պահանջն է հանդիպել վարչապետի, նրա տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ:

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից ձկնաբուծարարները աշխատեցնել փակ ցիկլով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







