Հայկական կողմը պատրաստակամ է մասնակցել բրյուսելյան հանդիպմանը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերին:
«Գիտենք, որ Շառլ Միշելը երկու երկրների նախագահներին Բրյուսելում հանդիպում անցկացնելու հրավեր է փոխանցել: Հայկական կողմը պատրաստակամ է մասնակցել այս հանդիպմանը, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է նա:
Անդրադառնալով ռուսաստանյան հարթակներում բանակցությունների վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի հայտարարություններին՝ Կոստանյանը նշել է․ «Հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, պատրաստ է օգտագործել բոլոր հարթակները Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»:
Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարության մասին, որով նա հնարավոր էր համարել առաջիկա շաբաթներին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Կոստանյանը նշել է, որ վերոնշյալի հետ կապված ամերիկացի գործընկերներից որոշակի պարզաբանում ստացել են. «Իրենք նաև հանրային հաղորդակցում են այս մասով ապահովել, ավելացնելու ոչինչ չունեմ, իսկ այն մասին, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, մենք արդեն ամիսներ շարունակ հայտարարում ենք, զգուշացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին»:
ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է նաև Բրյուսելում սպասվող Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարի եռակողմ հանդիպման ժամանակ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։
«Որպես հարաբերությունների կարգավորման հիմք մենք տեսնում ենք Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության դրույթները։ Հիմա, ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կերպով իր դիրքորոշումն արտահայտի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտարարությունում»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բրյուսելյան հանդիպման օրակարգում ներառված է անկալվների թեման՝ Կոստանյանը նշել է․ «Անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտիացիայի պրոցեսի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունը ընդհանուր ավելի խոշոր ուղենիշների մասին է»։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Կոստանյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը:
«Մենք պատրաստ ենք սահմանի բացմանը թե՛ երրորդ երկրների քաղաքացիների համար, թե՛ ընդհանուր առմամբ: Պայմանավորվածությունը վերահաստատվել է մի քանի անգամ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով: Դրանք նաև հաստատվել են երկրաշարժից հետո՝ Արարատ Միրզոյանի Անկարա կատարած այցի ժամանակ»,- հավելել է ԱԳ փոխնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







