ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ դեռևս իր նախարար եղած ժամանակ Արայիկ Հարությունյանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ակտիվ շփում կար։
«Օրինակ՝ Արային Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի անվտանգության ծառայություն տնօրեն Ալի Նագիևի հետ։ Կարմիր Շուկայում են հանդիպել, Մատաղիսում են հանդիպել, Ստեփանակերտում՝ կառավարական ամառանոցում։ Մի անգամ Ալի Նագիևն ասել է, որ «ես քեզ փոխանցում եմ Ալիևի խոսքերը՝ հույսդ մի դիր Մակրոնի վրա, հույսդ մի դիր Բայդենի վրա, հույսդ մի դիր նույնիսկ Պուտինի վրա։ Այդ բոլոր մարդիկ որևէ ազդեցություն այս հարցում չեն կարող ունենալ։ Արի նստենք, խոսենք, խնդիրները պայմանավորվենք, հարցերը լուծենք, գնանք առաջ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վերջնագիր էր ներկայացրել Արցախի ընտրություններից առաջ՝ ուղիղ ասելով, որ հակաահաբեկչական օպերացիա են սկսելու։
«Ադրբեջանը վերջանագիր է դրել, որ եթե ընտրություն տեղի ունենա և այդ մարդը ընտրվի՝ միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր, ապա հակաահաբեկչական օպերացիա ենք սկսելու։ Սակայն ասել են, որ իրենք (Արցախի իշխանությունները) վերցնում են պատասխանատվություն, անում են ընտրություն»,- նշել է նա։
Խանումյանը տեղեկացրել է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կողմ էին Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին ազատվում էին պաշտոններից։
«Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում էին, որ ինչ-որ պաշտպանության նոր համակարգ պետք է ստեղծենք՝ թե՛ տարածքային պաշտպանության, թե՛ բանակի արդիականացման, այդ բոլոր մարդիկ պաշտոններից ազատվեցին։ Բոլոր այն մարդիկ, որոնք կողմ էին, որպեսզի ուղիղ բանակցություններ տարվեն ադրբեջանցիների հետ՝ պայմանավորվել որոծակի հարցեր լուծենք, պաշտոններից ազատվեցի։ Եկան ինչ-որ մարդիկ, որոնք ոչինչ չէին անում, իսկ նրանց ղեկավարներն ինչ-որ ֆեյսբուքյան հայրենասիրությամբ տանում էին վիճակն էսկալացիայի։ Մեծ հաշվով սա եղավ (ԼՂ անկման պատճառը)»,- հավելել է Խանումյանը։
Խոսելով Արցախի անկման պատճառների մասին հարցին՝ նախկին նախարարը նշեց, որ դա հնարավոր է դարձել արտաքին և ներքին խնդիրների համադրման արդյունքում՝ նշելով, որ Արցախում կաին էլիտաներ, որոնց որակը չէր համապատասխանում երկրի կառավարմանը։
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







