Հոկտեմբերի 4-ի՝ Ժամը 16։00-ի դրությամբ, Արցախից բռնի տեղահանված նոր քաղաքացիներ չկան։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քանակը մնում է նույնը՝ 100 632»,- «Հումանիտար կենտրոն»-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հայտնել է, որ հաշվառման գործընթացին զուգահեռ տեղի է ունենում նաև նույնականացում։ Նրա պարզաբանմամբ՝ շատերը կրկնակի են հաշվառվել, նախ Գորիսում, ապա բնակության վայրում, որը բազայում կրկնակի տվյալներ է ստեղծել։
«Այս առումով՝ մենք ունենք հաշվառված և նույնականացված շուրջ 98 000 անձ»,- ասաց Բաղդասարյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







