Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է խաղաղ գործընթացը տապալելու մեջ։ Գործակալությունը պնդում է, որ Հայաստանի վարչապետի շնորհավորական ուղերձն Արցախի անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ արտացոլում է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ»։
«Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը հակասում է նախկինում հնչեցված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու հայտարարությանը, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջանին, և լուրջ հարված է հասցնում ընթացող խաղաղ գործընթացին»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ «տարածաշրջանում զարգացած նոր իրողությունների ֆոնին Հայաստանի ցուցաբերած վարքագիծը տանում է դեպի տառապանք»։
Փաշինյանն Արցախի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում «հիմնազուրկ» է անվանել այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային միավոր գոյություն չունի։ «Հիմնազուրկ են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,- նշել է նա։
Մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարել էր Արցախի հետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է Լեռնային Ղարաբաղը, բայց․ միևնույն ժամանակ․ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ասել էր վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ մետր տարածքը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ. կմ տարածքը։ Փաշինյանը հավելել էր, որ դա հաստատվել է մայիսի 14-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







