Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանն վրա։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նշվել է հումանիտար երթուղիների՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման, սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտության վրա։
«Ընդգծվել է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնելու համար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Նախարարներն ընդհանուր կարծիք են հայտնել այն մասին, որ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձը արդյունավետ չէ»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







