ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել, հայտնել է ԿԽՄԿ-ն՝ նշելով, որ փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի կողմից։
«Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»,- հայտնել է կազմակերպությունը:
Հայտարարության մեջ ասված է, որ Լաչինի միջանցքի երկայնքով աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։
«Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմն արգելել է ԿԽՄԿ-ի ազատ տեղաշարժը Լաչինի անցակետով այն պատճառաբանությամբ, որ ԿԽՄԿ-ին պատկանող և բժշկական տարհանման մեքենաների օգտագործումը «մաքսանենգ նպատակով է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







