Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակչությանը Արարատի մարզի Երասխում Բաքվի հրետակոծությունից հետո, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Մեր ափսոսանքն ենք հայտնում Հայաստանի տարածքում` Երասխում հնչած կրակոցների և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ։ Կոչ ենք անում զսպվածության, դեէսկալացիայի, ինչպես նաև միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը լիարժեք իրականացնելու»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն հավելել է, որ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության։
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







