Բոլոր պետական հիմնարկներում թմրատեստ պետք է անցկացվի։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հայտնելով, որ պատրաստվում է նման առաջարկությամբ հանդես գալ։
«Բոլոր պետական հիմնարկներում, որտեղ գործատուի և աշխատակցի միջև աշխատանքային պայմանագիր է կնքվում, պետք է մի նոր տող ավելացվի, ըստ որի տարվա մեջ մեկ-երկու անգամ աշխատակիցները պետք է թմրատեստ անցնեն։ Ովքեր կհրաժարվեն այդ թմրատեստը հանձնել, դա պետք է աշխատանքից ազատման հիմք դառնա՝ սկսած ԱԺ-ից՝ վերջացրած ՏԻՄ-երով»,- ընդգծեց պատգամավորը։
Նա նաև հայտարարեց, որ թմրանյութերի շրջանառության հարցը շատ լուրջ է մեզ մոտ։
«Դեռահաս տարիքի երեխաների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ է: Ոստիկանությունը մտնում է մի «կլուբ», ուր թմրամիջոց է տարածվում, ասում եք՝ բռնություն է»,- այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով Poligraf ակումբում տեղի ունեցած գործողությանը, որից հետո ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ, նշվել էր բռնության գործադրելու մասին։
Իր խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ նշեց, որ ոստիկանության համար 2023 թվականը թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի է լինելու։
Նշենք, որ ապրիլի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Երևանի Poligraf ակումբում՝ բերման ենթարկվելով մոտ 40 անձի։ Այս առնչությամբ ակումբը հայտարարություն էր տարածել՝ հրապարակելով գործողության տեսանյութը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







