Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:27

Ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները

Ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ։

«Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների հիշատակը, ովքեր պայքարեցին մեր հայրենակիցների առաջ ծառացած գոյութենական վտանգը կանգնեցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրավունքից զրկելու, և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր դրսևորում էր։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմից առաջ և ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության չդադարող ռազմատենչ, առավելապաշտական, հայատյաց հայտարարությունները։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, պատերազմական հանցագործություններ և զանգվածային այլ ոճրագործություններ՝ հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր և մշակութային հուշարձաններ։ Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, արտադատական սպանությունների են ենթարկվել գերության մեջ հայտնված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։

Դեռևս չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակվում է հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառագության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականությունը։ Այս ոճրագործությունների վերաբերյալ իր հստակ գնահատականն է տվել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը՝ գտնելով, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այս պարագայում առավել քան հրատապ է միջազգային համապատասխան մարդասիրական կառույցների անարգել մուտքը և գործունեության ապահովումը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ։

Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ 2021թ․ մայիսի 12-ին, 2021թ․ նոյեմբերի 16-ին և 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիայի են դիմել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը:

Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը:

Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման մոտեցումը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության և կայունության հաստատմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+