ՀՀ կառավարությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են շրջանառվող լուրերը, թե օգոստոսի 31-ին Մոսկվայում ծրագրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Armenia Today-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին ասաց. «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրվում է պատշաճ տեղեկատվություն»:
Նշենք՝ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ օգոստոսի 31-ին Մոսկվայում ծրագրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։ Փաշինյանը դրական էր գնահատել եռակողմ բանակցությունները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







