ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության աճին և վերջինիս ի պատասխան ձեռնարկվող միջոցառումներին, նշել է, որ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հակառակորդի կողմից իրավիճակի կանխակալ սրմանն ուղղված քայլերը։
ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում զոհված մեկ և վիրավորված երեք զինծառայողների միջադեպերին, ցավակցությունն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավոր զինծառայողներին:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից լարվածության աճի հակազդմանն ուղղված միջոցառումներին, ապա մամուլի խոսնակը նշել է, որ նախարարությունը մշտական համակարգման գործընթացի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, և ձեռք են առնվել լարվածության թուլացմանն ուղղված բոլոր հնարավոր միջոցները։
Հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թ. հունիսի 20-ի հայտարարությանը՝ ըստ որի ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից:
ԱԳՆ խոսնակը հավելել է, որ լարվածության թուլացումը գերակա խնդիր է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







