ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ կոնգրեսականները Արմեն Սարգսյանին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին։
Նշենք, որ Կոնգրեսականներն այցի շրջանակում եղել են նաև Արցախում: Նրանք նախագահ Սարգսյանին փոխանցել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, Արցախում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շարունակական ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:
Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված «ATOM» ծրագրին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







