Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը Արմեն Սարգյանին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերն ու համագործակցությունը: Նա առաջարկել է կոնֆերանսը հաջորդ տարի կազմակերպել Հայաստանում:
Շնայդերը նշել է, որ Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է:
«Ինքս մասնակցում էի այս ամռանը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին», ոգեշնչված եմ այդ համաժողովով, և կարծում եմ՝ Հայաստանը լավ վայր է այս միջոցառումը հյուրընկալելու համար»,-նշել է Շնայդերը:
«Շնայդեր գրուպ» ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը:
Բրյուսելում կայացել է նախաձեռնող խմբի հանդիպումը, որին մասնակցել են ինչպես Եվրոպական հանձնաժողովի, այնպես էլ ԵԱՏՄ ներկայացուցիչներ:
Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել միջոցառման իրականացմանը:
Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







