ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ, չնայած ԱԱԾ-ն նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ, բացի այդ, նպատակ ունենալով խուսափել անհարկի շահարկումներից և թյուր տեղեկատվության տարածումից, հայտնում է հետևյալը.
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։
Ինչպես նաև 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու և շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից:
Ընդ որում, ընդառաջելով Վարդան Թովմասյանի ցանկությանը, նրան առաջարկվել է բացատրությունը տալ իր իսկ տանը, այդ նպատակով Վ արդան Թովմասյանի առանձնատուն է այցելել ՀՀ ԱԱԾ աշխատակից, սակայն նա, փոխելով դիրքորոշումը, նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







