ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի համար պատգամավորի թեկնածուին ներկայցվող պահանջներ սահմանելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց նախագիծն ուղարկել գրավոր առաջարկների ստացման փուլ: Նախագիծը գրավոր առաջարկների ներկայացման փուլ ուղարկելու առաջարկությունը ստացավ 113 կողմ ձայն:
«Իմ քայլը» խմբակցությունը սկցբունքորեն դեմ չէ նախագծին։ Խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, նշեց, որ իրենք կողմ են նախագծի բովանդակությանը, և առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, հետ ուղարկել երկրորդ ընթերցման առաջարկությունների փուլ և լրամշակելուց ու համալրելուց հետո միայն փաթեթն ընդունել։
ԱԱԾ, Ոստիկանության և Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխության նախագծով առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Նախագիծը սահմանում է, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, ով առնվազն 25 տարեկան է, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է, և վերջին 4 տարում ապրում է Հայաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







