Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28- 30-ը Հայաստան է ժամանելու «SkyPower» ընկերության պատվիրակությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանն ընկերության ղեկավարության հետ հանդիպել է այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի շրջանակում:
Այս հանդիպման ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
Այցի ընթացքում նախատեսվում է ընկերության պատվիրակության հանդիպումը նախագահ Արմեն Սարգսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի և արևային էներգիայով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







