ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայութունը։
Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է տնտեսական հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր առաջնահերթություններից և իր խոսքում նշել․ «Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով։ Գիտեմ, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարևոր եմ համարում երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը»։
Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գիներգործության և մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։ Նա նշել է, որ իռլանդական «Ռիանեյր» ավիաընկերության գործարկումը ևս մեծ հնարավորություն կստեղծի և կմեծացնի Գերմանիայի հետ ուղևորահոսքերը։ Ըստ Միխայել Բանցհաֆի՝ Հայաստանը միջնաժամկետում կարող է կապող օղակ լինել ԵԱՏՄ և հարակից այլ երկրների հետ։
Նախարարն իր հերթին ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում և հավելել, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղևորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







