«Կարծում եմ՝ Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ադրբեջանցու հայտնվելը հրապարակային սադրանքի փորձ էր»:
Այս մասին այսօր ՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա հրապարակային սադրանքի հերթական փորձն էր Ի դեպ, նման սադրանքներ մեր պատվիրակությունների նկատմամբ շատ հաճախ են տեղի ունենում», -նշել է նա։
Գրիգորյանն ընդգծել է, որ տվյալ միջադեպի հետ կապված անվտանգության խորքային խնդիրներ ինքը չի տեսնում:
«Հանդիպումը բաց էր, որին հրավիրված էին հայեր, բայց եկեղեցի մտնել կարող էր ցանկացած անձ։ Որոշակի ստուգումներ են եղել, քանի որ հանդիպումը բաց է եղել, բայց առանձին մարդկանց չեն ստուգել։ Միջոցառման մասնակցությունը վերահսկելի էր, անցնելու և մասնակից դառնալու որոշակի վերահսկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, համընդհանուր ստուգումներ չէին անցում, նույնիսկ անձի մակարդակով՝ թե ով էր մասնակցում»,-նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ճշտող հարցին, թե ով է եղել իբրև ադրբեջանցի տեսաբլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևը, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է:
«Այդ մարդը մասնակցել է Բաքվում ցույցերը ցրելուն, նա գործել է ադրբեջանական հասարակության դեմ»,-եզրափակել է Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







