Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը:
ԱԳ նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Երկուստեք ուղենշվել են հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Կողմերը կարևորել են նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







