ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:
Գևորգ Կոստանյանը մասնավորապես գրել է․
«Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ»:
Կոստանյանը նաև ցանկություն է հայտնում, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ։ Նա իր ցանկությունը պատճառաբանել է ՝բերելով 2 հիմնական փաստարկ․
«1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրների դեսպանների մակարդակով,
2. Իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում»:
Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկումով` երկու պատճառով. նախ՝ քանի որ թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել են որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը:
Իր հայտարարության մեջ Կոստանյանը հավաստիացրել է, որ եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում, ապա պատրաստ է կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ գլխավոր դատախազը նաև անդրադարձել է այն խնդրին, թե ինչու մինչև հիմա չի բացահայտվել Մարտի-1-ի գործը։
Նա մասնավորապես գրել է․ «Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի-1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից:
Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Պատճառները շատ խորն են, և դրա համար է Մարտի 1-ի գործը հատուկ գերքաղաքականացվում: Առաջին պլան են մղվել ոչ թե մահվան բացահայտման հանգամանքների մասնագիտական քննությունը, այլ տվյալ գործը քաղաքական նպատակներով օգտագործելու և PR-էֆեկտ ապահովելու մարտավարությունը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







