«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները կառավարության հետ հարցուպատասխանի օրվա հայտնի միջադեպից հետո թեպետ հայտարարում են, թե ընդդիմադիրները փախուստի դիմեցին՝ չցանկանալով լսել վարչապետի սենսացիոն բացահայտումները, սակայն ընդդիմությունը նախապես էր որոշել, որ Փաշինյանին ուղղված ժողովրդի ուղերձը հնչեցնելուց հետո ընդդիմադիրները պետք է անմիջապես լքեին դահլիճը՝ չմտնելով իշխանությունների հետ երկխոսության մեջ։ Ավելին՝ խորհրդարանական երկու խմբակցություններում զայրացել են Արմեն Ռուստամյանի պահվածքից, ով ուղերձը դահլիճում սպոնտան վերաձեւակերպել է հարցի եւ Փաշինյանին հնարավորություն ընձեռել մանիպուլացնել եւ պատասխանել տեքստին։ Տեքստը հրապարակելուց հետո հնչեցրած հարցը՝ «Ի՞նչ ունեք Դուք սրա մասին ասելու», նախապես պլանավորված չի եղել։
Մեր աղբյուրներն ասում են, որ նախապես գծված սցենարով Ռուստամյանը չպետք է հարց տար, պետք է կարդար ժողովրդի հրաժարականի պահանջը, ու խմբով հեռանային դահլիճից։ Ռուստամյանի անձն էլ հատուկ է ընտրվել, որպեսզի նախ ցույց տան, որ 2018-ին Փաշինյանին ողջունող ՀՅԴ-ն եւ հատկապես Ռուստամյանն է այսօր բարձրաձայնում հրաժարականի պահանջը, երկրորդ՝ ընտրվել էր այնպիսի պատգամավոր, որը ՔՊ-ականների կողմից շատ նեգատիվ վերաբերմունքի չի արժանացել, եւ բախման հավանականությունն էլ փոքր կլիներ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաները ոչ միայն հայկական, այլև ռուսաստանյան ու արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Բազմաթիվ ԶԼՄ-ներ անդրադառնում են ներհայաստանյան իրադարձություններին: Ի մասնավորի, թե՛ ռուսաստանյան, թե՛ արևմտյան լրատվամիջոցները հիմնականում շեշտը դնում են նրա վրա, որ այս ակցիաները առաջին հերթին Արցախի համար են: Երկրորդ՝ մեծամասնությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրավապահների բիրտ, անմարդկային, անհամաչափ ուժ կիրառելու դեպքերին՝ հատկապես կարմիր և սև բերետավորների կողմից:
Ի դեպ, երեկ պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ առանձնահատուկ վայրենություն դրսևորող իրավապահների մեջ քիչ չեն նրանք, որոնք առանց տարբերանշանի են, ինչը ակցիաների մասնակիցների շրջանում լուրջ կասկածների տեղիք է տվել, որ նրանք կարող են և ոստիկաններ չլինեն, և նրանց պարզապես համազգեստ են հագցրել ու գցել «ժողովրդի ջանին»:
Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանության զորքերը «իջեցնում» են առանց հրամանի, առանց կոնկրետ թիվ «ֆիքսելու»: Միևնույն ժամանակ, վերջին օրերին մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ իրավապահ համակարգի աշխատակիցների մեծ մասի շրջանում խուլ դժգոհություն է հասունանում ոչ միայն այն հանգամանքից, որ ստիպված են սեփական ժողովրդի դեմ դուրս գալ, այլև նրանից, որ մի քանիսի անմարդկային պահվածքի պատճառով վարկաբեկվում է իրենց բոլորի անունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որեւէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին: Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանը, որը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել` «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով, օրերս ներկա է գտնվել ՈՄԱ-ի՝ «Ողջ մնալու արվեստը» ռազմամարզական հասարակական կազմակերպության հավաքներին։ Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, մայիսի 1-ից սկսել է հաճախել ՈՄԱ-ի մեկշաբաթյա ռազմական հավաքներին, ինչը բավականին տարօրինակ է։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեր հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին, ասաց․ «Ռուբեն Վարդանյանը միշտ է կարեւորում բոլոր քաղաքացիների մարտական պատրաստվածությունը։ Մեր հայրենիքի սահմանները մենք պետք է պաշտպանենք, ուրիշ ոչ ոք, հետեւաբար, առաջին հերթին հենց իր եւ իր ընտանիքի օրինակով այս գաղափարը կարեւորելը բնական է, եւ որեւէ արտառոց բան չկա պարոն Վարդանյանի մասնակցության մեջ՝ ռազմական հավաքներին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







