Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։
Արցախի ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանություններն ապրիլի 22-ին Շուշիում միջոցառում են անցկացրել, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ եթե պաշտոնական Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հետևանքներ կլինեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







